Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Տասնամյակների վաստակ ունեցող մտավորականի բողոքի ձայնը. Դավիթ Սարգսյան

Տասնամյակների վաստակ ունեցող մտավորականի բողոքի ձայնը. Դավիթ Սարգսյան
06.06.2022 | 07:31

Երկու օր մտածում էի՝ իմաստ ունի՞այս մասին գրելը, այնուամենայնիվ, որոշեցի հրապարակել ներքոհիշյալ զրույցը մորս հետ:


Մայրս ծնվել է 1930-ին, մասնագիտությամբ մանկավարժ է: Երբեք չի անդամակցել որևէ կուսակցության, չի օգտվել դրամաշնորհներից, մաս չի կազմել քաղաքացիական հասարակության: Նա ամբողջ էությամբ զինվորագրված է ժողովրդական հասարակությանը, հավատացել և հավատում է նրա իմաստնությանը, ճշմարտություններին և, ամենակարևորը, երբեք չի դավաճանել իր սկզբունքներին: Պատկառելի տարիքը չի ազդել նրա մտավոր և հոգեկան առողջությանը: Մեր իրականության մեջ տեղի ունեցած ամեն մի տեղաշարժ նրա ուշադրության կենտրոնում է, ուշի-ուշով հետևում է ծավալվող իրադարձություններին, հիմնականում՝ լրատվամիջոցների, մամուլի և հեռուսատատեսության միջոցով, անկաշկանդ կատարում համապատասխան եզրահանգումներ՝ առանց որևէ մեկի ազդեցության, և շատ ծանր է տանում մեր երկրին, հատկապես, վերջին տարիներին պատուհասած արհավիրքն ու փորձությունները: Այսքանը՝ համառոտ: Այժմ՝ ըստ էության:


Հունիսի 3-ի երեկոյան՝ ոստիկանական անհամաչափ խայտառակության օրը, զանգահարեց և լսափողի մեջ հնչեց նրա տագնապած ձայնը.
-Որտե՞ղ ես...
- Տանը,-պատասխանեցի (նրանից թաքցնում եմ, որ առայժմ, հարգելի պատճառով, տնից դուրս գալ չեմ կարող):
-Տեսնո՞ւմ ես, ինչ է կատարվում դրսում (նկատի ունի Պռոշյան փողոցում կառավարական առանձնատների հատվածը):
-Տեսնում եմ,-պատասխանում և անմիջապես մտածում եմ, թե ինչպես, թեկուզ ստելով, հանդարտեցնեմ մորս բարկությունը,, թեև գիտեմ, որ ջանքերս անօգուտ են լինելու:
-Ես չեմ հասկանում, մեր ոստիկանները ինչո՞ւ են այսչափ անմարդկային: Սրանք մեր ժողովրդի ծոցից չե՞ն դուրս եկել, սրանց մայր չի՞ ծնել, սրանց կաթի մեջ թո՞ւյն է եղել... Ինչո՞ւ են այսքան անմարդկային ձևով վարվում Ժողովրդի հետ...
-Մի վրդովվիր, մամ, հրաման են կատարում, պաշտպանում են հասարակական կարգը:
-Ժողովուրդը հանգիստ քայլերթ է անում, ոչ ոքի չի հայհոյում, չի վիրավորում, բռնության կոչեր չի անում, պարզապես իր անհամաձայնությունն է հայտնում երկիրը կործանողներին և պահանջում հեռանալ իշխանությունից: Դա ժողովրդի սահմանադրական իրավունքն ու պարտավորությունն է:: Այդ նրանք են խախտում հասարակական կարգը ամենաբիրտ ու վայրի ձևով... Ես կասկածում եմ, թե սրանք հայ լինեն, սրանք թուրքից ավելի վատն են, պարզապես, բարբարոսներ, որոնք առյուծ են կտրում կանանց ու անպաշտպան տղամարդկանց առջև սեփական տան ներսում, փոխանակ սահմանին դրսի թշնամուց մեզ պաշտպանելու...Սա պետականորեն խրախուսվող հանցագործություն է:


Դու միայն ըմբոստ ցուցարարների ազնվական դեմքերին նայիր, նրանց կիրթ գործողություններին, բարեկրթությանը, հռետորների բառապաշարին... Սա հանրահավաքների և ցույցերի բարձրակարգ մշակույթ է: Կհամեմատե՞ս այսօրվա իշխանավորների գործողությունների հետ: Դրանք պետք է օր առաջ հեռանան իշխանությունից, որ ապրի հայ ժողովուրդն ու Հայաստանը:. Իշխանություններն են սադրում բոլոր անկարգությունները՝ սկսած ազգային հարցով ԱԺ արտահերթը բոյկոտելուց: Չեմ հասկանում, դա Ազգային ժողո՞վ է, թե ի՛նչ, ու՞մ են պետք դրանք՝ իրենցից բացի: Իրենց բարեկեցությունը և վերջ: Ոչ Աժ-ում, ոչ կառավարությունում՝ Ժողովրդին ի նպաստ ոչ մի նախաձեռնություն: Իսկ ցուցարարներն իրավացի և օրինակելի են: Աշխարհում երբևէ եղե՞լ են նման քաղաքակիրթ ընդվզումի ակցիաներ: Պարզապես հրաշալի ժողովուրդ, հայրենիքի նվիրյալներ, արժանապատիվ քաղաքացիներ, որոնց կյանքը մունդառել են չգիտեմ որտեղից փեյդահ եղած (հայտնված) ճարպիկ ոչնչությունները: Այս ամենին վերջ տալ է պետք...
Փորձում եմ հանդարտեցնել մորս, բայց անօգուտ: Հաջորդ առավոտյան շարունակվում է նույն թեմայով մեր հեռախոսազրույցը, մոտավորապես, հետևյալ բովանդակությամբ:


-Անաղուհաց քրդի շներ: Ոտնահարում են ամեն մի սրբություն: Կիսագրագետները, դասալիքներն ու մորթապաշտներն են որոշում հայ ժողովրդի ճակատագիրը: Ողբամ ձեզ, քամելեոններ: Չեք կարողանալու մկան ծակից դուրս գալ, սատկելու եք շան նման...
Մայրս անդրդվելի է, ես՝ անկարող նրա վրդովմունքը մարելու: Եվ վերջապես, ինչպե՞ս և ինչո՞ւ մարել նրա արդարացի ցասումը, չէ՞ որ դա նրա անկաշառ դիրքորոշումն է, տասնամյակների վաստակ ունեցող մտավորականի բողոքի ձայնը, որը չի ձգտում իշխանության, չի կեղծում, չի ստում, չի շողոքորթում, տեսակետ, որը կիսում է հայ ժողովրդի գրագետ, բանիմաց և հայրենասեր մեծամասնությունը՝ Հայաստանում և ի սփյուռս աշխարհի: Հավաքեք փասափուսաներդ ու գնացեք, ազատեք մեզ ձեր հուդայական կրքերից և կորստաբեր, մահաբեր, սուգ ու պարտություն, աղքատություն և կեղծիք սփռող ներկայությունից: Դուք, ձեզանից բացի, ուրիշ ոչ մեկին պետք չեք:


Հ.Գ. Մայրս՝ Ելենա Դավթյանը, հեղինակային և թարգմանական գրքերի հեղինակ է: Մամուլում, մասնավորապես, «Իրատես» թերթում (ցավ ի սիրտ բազմաթիվ ընթերցողների և հեղինակների՝ այժմ չի տպագրվում, թեև գործում է irates.am կայքը):
Վերոհիշյալ տեղեկությունը ներկայացրի իմ հրաշալի բարեկամուհու՝ «Իրատեսի» գլխավոր խմբագիր և սկզբունքային մտավորական Փիրուզա Մելիքսեթյանի հորդորով:

Դիտվել է՝ 10885

Մեկնաբանություններ